ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միշտ փառահեղ խեղճ անցյալ ու դասը չսովորած լուսավոր գալիք

Միշտ փառահեղ խեղճ անցյալ ու դասը չսովորած լուսավոր գալիք
06.03.2009 | 00:00

ՍԵՐ ԿՈՐՈՒՍՅԱԼ
...Սարից գյուղ եկողն ու գյուղից սար գնացողը հանդիպում են իրենց սրտի ուզած արդար տեղը` Սարի ճամփի աղբյուրի մոտ։ Երեսներին մի երկու բուռ ջուր են տալիս, մի երկու բուռ խմում, սրտները հովացնելով օխա՜յ ասում, նայում իրար երեսի։ «Հը՜, սարում ի՞նչ կա»։ «ՈՒտողն ուտում է, կողքից մտիկ անողն էլ մտիկ է անում ու ծուղրուղու կանչում»։- Ծանր հոգոց քաշելուց հետո շարունակում է. «Գյուղո՞ւմ ինչ կա»։ «Ասածիդ նման։ Նույնը»։ Սիրտ բացելու տեղ է։ Խոսում են։ Հանկարծ աչքները գցում են աղբյուրի ակին, իրար թև ընկնում ու հեռանում։ Հազար տարի հազար ոտնաձայն լսած, հազար կանչ ու օրհնանք լսած աղբյուրը, հազար պապի ու ճամփորդի ձեն ու պատկեր պահած աղբյուրն ինչո՞ւ վատ խոսքեր լսի։ Երեխայի մոտ, աղբյուրի մոտ, ծառի շվաքում, խաչքարի մոտ, մատուռում ու եկեղեցում պետք չէ տրտնջալ, վատ խոսք ասել, հայհոյել... Աղբյուրը մաքուր պահել, մաքուր պահել մանկան հոգին։ Ինչո՞ւ հուզել աղբյուրը, ինչո՞ւ խռովել մանկան հոգին...
Սա պատմություն է, գրականություն, բանասիրություն, ժողովրդական իմաստասիրություն, փիլիսոփայություն, աղբյուրի նման բխող զրույցներից մի օրինակ, որ կարելի է աղբյուրի ջրի նման բուռ անել ու խմել։ Մենք ե՞րբ կորցրինք խոսքատեղը։ Դա առաջին հերթին սիրո կորուստ է, բառի, խոսքի, զրույցի կորուստ։
Վաղամեռիկ պատմավիպասան Վարդան Գրիգորյանն իր «Դար կորստյան» վեպի Գայլ Արշավիրի մտքով է ասում. «Այդ ազգը հզորների ձեռքին խաղալիք կդառնա։ Կպատվի, բայց փոխադարձ պատվի չի արժանանա, կտա, բայց չի ստանա։ Թե մի հատիկ էլ ստացավ, լեփ-լեցուն սայլերով անկարող կլինի փոխհատուցել։ Այդ ազգն իր զավակներին հավերժական տառապանքի կդատապարտի և զավակներից հավերժական անեծքի կարժանանա։ Հազար կտոր արեք, դեն նետեք ճամփորդի ցուպը, որովհետև երկրից ելածը նոր հայրենիք չի գտնի»։ Խեղճ չենք պատմություններից, պատմավեպերից, խրատներից ու խորհուրդներից, բայց... խրատվող պտուղ չենք դառնում։ Մենք չենք կարողանում մեր ստեղծած, մեզ պահած, մեր պահած պատմությունը, մեզ պաշտպանած պատմությունը պահպանել-պաշտպանել էսօր։ Հզորների մեջ հզո՞ր ենք եղել։ Ո՞Ւր է, ի՞նչ եղավ, որտե՞ղ կտրվեց կապը, ինչո՞ւ թուլացանք։ Սարսափելի է, երբ ապրում ենք մեր վերջին հողակտորի վրա` հազարամյակների հուշերի խարույկ բորբոքելու մի վայր։ Քիչ է մնում հավատաս, թե հզոր ես եղել։ Սահմռկեցուցիչ է, երկրիդ ոսկորներն են փշաքաղվում, երբ հարցականվում է ամեն ինչ, նաև` իսկ եթե սա՞ էլ չմնար։ Հիմա մենք ենք ու մեզ մնացած մեր սարերը, ամեն մեկիս մեջ` կորուսյալ հայրենիք-Էրգրի կարոտի ծուխը, սարերի կանչը։ Սասնա լեռներից ձայն ես լսում, արդեն գրավոր ձայն` ով խփվի, դավաճան է։ Կես բուռ ենք մնացել մեր վերջին հողակտորի վրա ու... բուռ-բուռ հեռանում ենք։ Լեռներո՞ւմ թնդացնենք, թե՞ հիշողության մատյանին պահ տանք մեր տագնապը` ով հեռանա, դավաճա՛ն է։ Լսող չի լինելու, կարդացող չի լինելու, մեկը չի պայթելու իր սրտի ու իր աչքի մեջ` էս ի՞նչ ենք անում, տղե՛րք։ Սերը մեզ լքում է մեր տանը, մեր երկրում, հողը կորցնում է տիրոջ շնչառությունը։ Էսքան լքված տների կարոտն ո՞վ է քաշելու։ Ո՞վ շրջանառեց հին խոսքը` աշխարհն ինձնով չի սկսվել ու ինձնով չի վերջանալու։ Իսկ ես ասում եմ` եթե ես հեռանամ իմ տուն-հայրենիքից, վաղն իմ թոռը պարտվելու է իր տուն-հայրենիքում։ Տունը հեռացածի իմ գլխին է փլվելու, որովհետև սյուն է` ես եմ, անկյունաքար է` ես եմ, հիմք է` ես եմ, տան լեզու է` ես եմ։ Ես եմ` մենք ենք, դուք եք, բոլորս ենք։
Հաղթանակների մասին թերահավատությամբ ենք պատմում ու լսում։ Ինչո՞ւ պարտվեցինք։ Ծույլի պատասխանը հեշտ է, արձանագրային` թշնամին ուժեղ էր, նենգ, դիվանագետ, թշնամին մեր ու մանուկ չէր հարցնում` կոտորում էր, տնից, երկրից հանում... Անկեղծ ասած` հոգնել ենք։ Դարերի գիրկը չնետվենք։ Դեռ մեր աչքերի մեջ է Արցախյան հերոսամարտը։ Կասեի` ամենայն հայության խելքի, մտքի, զոհողության, միակամության շնորհիվ փառապանծ հաղթանակ տարանք։ Հետո՞... Տարիների հետ հաղթող ժողովրդի, հաղթող զինվորի հետ էնքան դաժան, կոշտ ու բիրտ վարվեցինք, մեղաց ծովի մեջ խեղդեցինք, ու դեռ շարունակում են գնդակների տարափի նման հարցեր տեղալ` ինչո՞ւ կռվեցիք, ձեզ ո՞վ էր խնդրում։ Միայն կռված զինվորը, կռված ժողովուրդը գիտեն հայրենի հողին խառնված արյան գինը։ Դա մեր դարին վայել մեր վրիժառու արյունն էր, արյուն, որ կաթ-կաթ խնայել էին անցած դարերի մարտերում։ Շնորհակալ լինենք Տիրոջից, որ մեր արյունը մեր երակներում ու մեր մտքի դաշտում չի լերդացել։
Ազատագրյալ տարածք. մեր պատմության նորագոյացությունը մեզ թևավորում է։ Ազատագրված հողն իր մարդու ձեռքի կարոտն է զգում։ Անգամ երևանցիներից Քաշաթաղ հասան` աշխատելու, ապրելու, որ էստեղ ուրիշ բառ է սազում ասել` արարելու։ Բայց... էս անտերմնա սակայն-ները, բայց-երը սովորել են մեր տունը քանդել։ Շատ բան չասեմ։ Քաշաթաղում, Բերձորում էնքան մարդ էր հավաքվել, որ նրանց ուժով ու խելքով հնարավոր էր մի ճոխ հովիտ, մի հայրենիք ստեղծել։ Տարիների զրկանքներից հետո մարդիկ զգացին, որ անտերության են մատնված, մտածեցին... արտագաղթի մասին։ Հայերիս համար դա սովորական է։ Սովորական է նաև արձանագրությունը. «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցավով նշեց, որ նախկին երեք մարզպետներն էլ փոշիացրել են շրջանի վերաբնակեցման համար հատկացված գումարներն ու օգնությունը...»։ Տերյանին հիշենք` պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել։ Իրոք որ` ձանձրալի, տաղտկալի պատմություն։ Ժողովրդի դեմ, էստեղ արդեն հայրենիք-ժողովրդի դեմ, հենց մեր ներկա-ապագայի դեմ նման փոշիացնող հանցանքներ կատարած ո՞ր մի պաշտոնյան, ո՞ր օլիգարխը, ո՞ր կաշառակերը, ո՞ր հանցագործը պատժի արժանացավ լուսավոր Երևանում ու Ստեփանակերտում, որ էլեկտրական հոսանքի ու տարրական անհրաժեշտ վերաբերմունքի արժանի բերձորյան գյուղերում արժանանան։ Հանցագործներն ամենուր պատժի փոխարեն արժանանում են պատվի։
Ապրելներս, իհարկե, ապրելու նման չէ։ Արժե՞ էսպես ապրել։ Հայրենիքում լինես և` ունեզո՞ւրկ։ Հայրենիքում լինես և` օրենքի կարո՞տ։ Հայրենիքում ապրես ու արդեն զգաս, որ քո հայրենիքը խլե՞լ են քեզնից։
Երկիր կորուսյալ։
Խիղճ կորուսյալ։
Սեր կորուսյալ։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3401

Մեկնաբանություններ